ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Բասկերի երկրի խորհրդարան և հանդիպել է խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը։ Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի երկրի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպել է նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով նույն օրը Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևին, Կարեն Միրզոյանը դրական է գնահատել և նշել, որ, լինելով միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում՝ ի սատարումն ԼՂՀ ազատ ու անկախ զարգանալու շարունակական ջանքերին, բանաձևը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Գեռնիկա քաղաք, հյուրընկալվել Գեռնիկայի քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնյոյի կողմից։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, և խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։ Նա եղել է բասկերի սրբավայր Gernikako Arbola-ում (Գեռնիկայի ծառ), որտեղ տեղի է ունենում Բասկերի երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։ Գեռնիկան բասկերի ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ռմբակոծվել և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր։